Կամչատկայի երկրամասի ծննդատան բժիշկներ Մհեր Ադամյանը և Մացակ Առուշանյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել են պետական պարգևների, հաղորդում է Kamtoday.ru-ն։
Նրանք դրսևորել են բացառիկ խիզախություն և նվիրվածություն 2025 թվականի հուլիսի 30-ի երկրաշարժի ժամանակ կյանքեր փրկելիս, որը Կամչատկայում ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։
Փետրվարի 27-ին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը պարգևատրել է բուժաշխատողներին. Ադամյանն ստացել է Պիրոգովի շքանշան, իսկ Առուշանյանը՝ Ռուսաստանի նախագահի պատվոգիր։
Սոլոդովը նշել է. «Այս մարդիկ ապացուցել են, որ Կամչատկայում աշխատում են իսկական հերոսներ։ Նրանք ցուցաբերել են քաջություն և պրոֆեսիոնալիզմ ծայրահեղ պայմաններում։ Բժիշկներն արժանի են հատուկ երախտագիտության։ Ես կապ հաստատեցի նախագահի հետ, և նա առանց վարանելու աջակցեց ինձ»։
Նահանգապետի կարգադրությամբ՝ երկրաշարժի ժամանակ քաջություն ցուցաբերած մոտ 200 անձ պարգևատրվել է տարբեր տարածաշրջանային մրցանակներով։
2025 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով Ադամյանին Պիրոգովի շքանշան էր շնորհել՝ ծայրահեղ պայմաններում ընդունած ծննդաբերության ժամանակ բժշկական օգնություն ցուցաբերելու, բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։
Armenia Today-ին տված բացառիկ հարցազրույցում բժիշկը պատմել էր, թե ինչպես է հայտնվել այդ հեռավոր շրջանում և ինչպես պետք է բժիշկներն արձագանքեն արտակարգ իրավիճակների պայմաններում։





































