Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած շնորհաբաշխության արարողության ժամանակ քննադատել է իշխանության քայլերը եկեղեցու դեմ, տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Վեհափառի գնահատմամբ՝ եկեղեցին ներկայումս ենթարկվում է տարատեսակ բռնաճնշումների: Կաթողիկոսը նշել է, որ հոգևորականները հետապնդումների են ենթարկվում, իսկ պետական լծակները չարաշահվում են՝ եկեղեցու ինքնավարությունը խաթարելու համար:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների»,- հայտարարել է նա։
Կաթողիկոսը շեշտել է, որ եկեղեցին բոլորի հոգևոր տունն է, և նրա ինքնավարության պաշտպանությունը յուրաքանչյուր հայրենակցի հավաքական պարտականությունն է Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։
Հայաստանի գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) 6 անդամ հոգևորականների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «դատական ակտի կատարումը խոչընդոտելու» մեղադրանքով։ Քրեական հետապնդման շրջանակում նրանց ելքը երկրից արգելափակվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դա դատապարտել էր՝ անվանելով Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտում։





































