Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ բազմաթիվ մարդիկ անիմաստ խախտման պատճառով զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և չեն կարողանում ընտանիք պահել։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որի 90,1%-ը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։
«Միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90,1%-ը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են»,- նշել են ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի՝ դրանք ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Հունվարի 11-ին Կարապետյանը տեղեկացրել էր, որ մեքենայով ընտանիք պահողներին երկրորդ շանս տալն իրենց քայլերից է լինելու։




































