2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագներն սպառողների համար կմնան անփոփոխ, հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշվում է, որ դեկտեմբերի 30-ի նիստին ՀԾԿՀ-ն հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագներն սպառողների համար կմնան անփոփոխ»,- նշել է հանձնաժողովը։
«Մեր ձևով» շարժումը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր հոսանքի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին: Հոկտեմբերի 28-ին «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է սակագինն իջեցնելու առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը։ Ավելի ուշ «Տաշիր կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողով: Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ընկերության լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
«ՀԷՑ-ը խլելու հիմնավորումներ»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ու Պետրոսյանի քննարկման մասին


























