Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է փաստաբանից հրաժարվելու իր որոշումը։
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդանյանը հրաժարվել է իր պաշտպան Աբրահամ Բերմանից։
«Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են»,- ընտանիքի միջոցով փոխանցել է Վարդանյանը:
Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը, ըստ Վարդանյանի, դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը:
«Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»,- ընդգծել է Վարդանյանը:
Նա նշել է, որ իրեն այդպես էլ թույլ չեն տվել ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նա չի կարողանում ծանոթանալ իր գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը: Վարդանյանը շեշտել է, որ իրեն դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել:
«Հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց»,- նշել է նա:
Վարդանյանը հավելել է, որ իր բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակի փակման մասին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների շրջանում գրանցվել էին ինքնասպանության փորձեր։ Հարազատներն այս մասին տեղեկություններ էին ստացել հազվադեպ հեռախոսազանգերի միջոցով։ Միջազգային կազմակերպություններին սեպտեմբերի սկզբից ի վեր թույլ չի տրվում այցելել գերիներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







