«Մոսկվա» կինոթատրոնը հայտարարել է, որ չի մասնակցել «Մոնթե» ֆիլմի պրեմիերայի շրջանակում կազմակերպված երաժշտական և պարային բեմադրության մշակմանը կամ իրականացմանը։
Պարզաբանումը տարածվել է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է զինվորական համազգեստով և զենքով տղամարդկանց պարը։
Կինոթատրոնի ղեկավարության փոխանցմամբ՝ վարձակալության պայմանագրով պրեմիերայի անցկացման հարթակ են տրամադրել ֆիլմարտադրող «Գենետիկ Փրոդաքշն» ընկերությանը։ Բեմադրությունների ընտրությունը, բովանդակությունն ու օգտագործված պարագաները, հայտարարության համաձայն, կազմակերպիչների իրավասության ներքո են։
«Հաշվի առնելով նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»,- հայտնել է կինոթատրոնը։
Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված պարն անվանել էր աբսուրդ՝ առաջարկելով պատկերացնել նման տեսարան կառավարության կամ Ազգային ժողովի շենքում։
«Թող ավտոմատներով գային կառավարության շենքի մեջ պարեին, գնային Ազգային ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»,- ասել էր վարչապետը։
Նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, Երևանում կայացել էր նրա մասին պատմող կենսագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը հայտնել էր, որ նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, ԱՄՆ-ում և Լիբանանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







