Նիդերլանդները գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով, X-ում հայտնել է Նիդերլանդների արտգործնախարար Դավիդ Վան Վելը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
«Ուրախ էի ողջունել նախարար Միրզոյանին Հաագայում և ընդգծել երկու երկրների միջև ամուր կապը։ Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- գրել է Վան Դելը:
Սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը Միրզոյանը և Վան Վելը քննարկել էին Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Սեպտեմբերի 9-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց 2711 ընտանիք ստացել էր բնակարանային ծրագրի շրջանակներում վկայականներ, հայտարարել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Կարդացեք նաև՝






































