Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունը հայտնել է Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատան ոչնչացման մասին։ Կազմակերպության տվյալներով՝ գերեզմանատունը ոչնչացվել է այս տարվա մայիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում։
Գերեզմանատանը պահպանվել են միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև 1810-1871 թվականներով թվագրվող XIX դարի հայկական և ռուսական տապանաքարեր։ CHW-ի տվյալներով՝ ոչնչացման պահին գերեզմանատան տարածքում եղել է 35 տապանաքար։
Կազմակերպության փոխանցմամբ՝ տապանաքարերի արձանագրությունները տեղեկություններ են պարունակել XIX դարում Շուշիում բնակված հայ ընտանիքների և արհեստավորների, ինչպես նաև ռուս զինվորականների, բժիշկների, պետական ծառայողների և վարչակազմի ներկայացուցիչների մասին։
Լատիներեն արձանագրությամբ տապանաքարերից մեկը պատկանել է Մոսկվայում ծնված Սոֆյա Ռեգինա Ռեանդերին, որը, ենթադրաբար, հայտնի գերմանացի գիտնականի ընտանիքից էր։ Մեկ այլ գերեզման պատկանել է 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովին, որը, ըստ կազմակերպության, կապված է եղել 1826 թվականին Շուշիի պաշտպանության հետ։
Գերեզմանատան տարածքում հայտնաբերվել է նաև հայկական հինգ խաչքար։ CHW-ի տվյալներով՝ դրանք ստեղծվել էին XIX դարի գերեզմաններից մի քանի դար առաջ։ Կազմակերպության գնահատմամբ՝ խաչքարերը տարածքը կապում էին Ղարաբաղի միջնադարյան հայկական պատմության հետ։ Խաչքարերն ու գերեզմանները միասին ձևավորել են մի քանի դար ընդգրկող պատմական համալիր։
CHW-ն գերեզմանատան ոչնչացումը կապել է անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման օբյեկտի կառուցման հետ։
«Գերեզմանատունը վերապրել է պատերազմներ և վարչակարգերի փոփոխություններ։ Այն չվերապրեց Ադրբեջանի կողմից իրականացվող XXI դարի վերակառուցումը»,- հայտարարել է կազմակերպությունը
Ադրբեջանական օկուպանտները Շուշիում հողին էին հավասարեցրել նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է «Կանաչ ժամ» անունով։ Դեռևս 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, «Կանաչ ժամ» եկեղեցին պայթեցվել էր, որի հետևանքով վնասվել էին գմբեթն ու զանգակատունը։ 2024 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիներն ամբողջությամբ փոխել էին Շուշիի Ղազանչեցոց տաճարի տեսքը և այն վերածել ռուսական եկեղեցու։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Դիտեք նաև՝
«Վայրագ են», «հեշտ զիջում ենք», «նոր չէ»․ հարցում՝ Արցախի վտանգված մշակույթի մասին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







