Մշակութային ժառանգության հարցերով զբաղվող տարբեր կազմակերպություններ պարբերաբար ահազանգում են Արցախի հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների ոչնչացման կամ խեղաթյուրման մասին։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ հիմնահատակ
քանդվել են Ստեփանակերտի Աստվածամոր Հովանու և Սուրբ Հակոբ եկեղեցիները։ Ապրիլի 28-ին ադրբեջանցիները
կոտրել էին Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը։ Տարատեսակ գրությամբ պաստառներով նրանք նաև հայտնվել են «Մենք ենք, մեր սարերը» կամ ժողովրդին հայտնի «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի դիմաց՝ հայտարարելով այն քանդելու մտադրության մասին։
Դեռևս 2023 թվականին հեղինակավոր Times պարբերականն
ահազանգել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման սպառնալիքի մասին՝ միջազգային հանրության անգործության պայմաններում։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում պարզելու՝ ի՞նչ վերաբերմունք ունի կատարվածի նկատմամբ հասարակությունը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից շատերը կատարվածի համար մեղավոր և պատասխանատու են համարել հայ հասարակությանը և մտահոգված են Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրով։ Նրանք կարծում են, որ համախմբված չլինելու հետևանքն է այն, ինչը կատարվեց և հիմա էլ կատարվում է Արցախում։
«Ժողովուրդն է մեղավոր, որովհետև միասնական չէ։ Բաժանված են տարբեր խմբերի, փոխանակ մտածեն հողի մասին, որը շատ դժվար ենք ձեռք բերել, բայց հիմա շատ հեշտ զիջել ենք»,- մտահոգվել է քաղաքացիներից մեկը։
Հարցվածներից որոշների կարծիքով՝ քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարել կամ փորձել կարգավորել այս հարցը, քանի որ այն պետության գործառույթն է։ Նրանց կարծիքով՝ բավարար ջանքեր չեն գործադրվում այդ ուղղությամբ։
«Պատասխանատուն մեր երկրի ղեկավարությունն է։ Ոչ մի բան չի արվում, լուռ հետևում են, թե ինչպես է վերանում մեր նախնիների թողած ժառանգությունը»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մի մասն էլ կարծում է, որ գոյություն ունեն համապատասխան միջազգային կառույցներ, որոնք էլ պետք է զբաղվեն Արցախի մշակութային ժառանգության հետագա պահպանության հարցով, քանի որ ՀՀ-ն ֆիզիկական և իրավական որևէ ազդեցություն չունի դրա վրա։
«Կան բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք հնարավորություն ունեն առնվազն մոնիթորինգ անել, որովհետև մենք տարբեր ինֆորմացիաներ ենք ստանում տարբեր աղբյուրներից։ Մոնիթորինգը կարևոր է, և իդեալական կլինի, եթե հայ փորձագետները ևս մասնակցեն դրան»,- իրավիճակն այսպես է բացատրել քաղաքացին։
Հարցված քաղաքացիները ցավում են կատարվածի համար, բայց չեն տեսնում հնարավոր լուծման եղանակներ։
«Ինքս մշակույթի ոլորտում եմ ու չեմ ուզում պատկերացնել, թե ո՞ւր է տանում այս ոչնչացումը, դա ինձ համար սարսափելի է»,- խիստ մտահոգություն է հայտնել մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից մեկը, ով սփյուռքի ներկայացուցիչ է, այս ամենը կանխատեսելի է համարել և ցավ հայտնել իրավիճակի կրկնության համար։
«Դա նոր բան չէ, Նախիջևանում խաչքարերն էին կոտրել, քանդել ամեն ինչ։ Ես ծնվել, մեծացել եմ սփյուռքում ու հասկանում եմ մշակույթի կարևորությունը։ Ցավոք, նույն զգացողությունը չունեմ Հայաստանում․ այստեղ մեծացողները մի քիչ անտարբեր են»,- այսպիսի տեսակետ է արտահայտել քաղաքացին։
Մանրամասները՝
տեսանյութում։