Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է Արցախի ռազմական և քաղաքական նախկին առաջնորդների և այլ հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների դեմ բողոքարկումների քննարկումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նիստում ելույթ են ունեցել մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան: Նրանք վերահաստատել են մեղադրական կողմի դիրքորոշումը, որ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և այլոց մեղքը, իբր, հաստատվել է դատարանի կողմից ուսումնասիրված նախաքննական նյութերով և ապացույցներով:
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնել ապացույցների բովանդակությունը կամ պաշտպանության կողմի դիրքորոշումը:
Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 28-ին:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







