Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեռևս որոշակի տեխնիկական հարցեր են մնացել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «խաղաղությունն արդեն ձեռք է բերվել», համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է։ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները և սկսել է նավթամթերք մատակարարել՝ նշանավորելով առևտրային հարաբերությունների սկիզբը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը գործնականում բացառել է Բաքվում պահվող Արցախի ղեկավարության ազատ արձակման հնարավորությունը։ Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հայ գերիների հարցը, բայց ընդգծել է, որ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը։ Ալիևը կրկնել է մեղադրանքները, այդ թվում՝ «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ, ուղղված արցախցի նախկին պաշտոնյաներին, և պնդել, որ դատավարությունը «բացարձակապես թափանցիկ» էր՝ չնայած անկախ փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների բացակայությանը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված արցախցիների վերադարձի մասին՝ Ալիևը նշել է, որ Բաքուն կքննարկի հայկական կողմի հնարավոր խնդրանքը, բայց փոխադարձության սկզբունքով։
«Ակնկալում ենք, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնց անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կկարողանան վերադառնալ այսօրվա Հայաստանի տարածք»,- նշել է նա։
Ալիևը վստահություն է հայտնել Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրականացման վերաբերյալ, որը, նրա խոսքով, Նախիջևանը կկապի Եվրոպայի հետ։ Նա նաև հայտարարել է Ֆրանսիայի հետ հարաբերություններում «վերագործարկման կոճակը սեղմելու» մտադրության մասին՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։
2023 թվականից ի վեր Ադրբեջանի նախագահը Հայաստանի սահմանադրության փոփոխությունները համարում է վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական պայմաններից մեկը։ Բաքուն ՀՀ սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղումը համարում է խնդրահարույց՝ այն դիտարկելով «տարածքային պահանջ»։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին սկսել էր բարձրաձայնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին։ 2026 թվականի փետրվարին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նախագծի տեքստը կպատրաստվի մարտին, որից հետո իշխանությունները մտադիր են սկսել իրազեկման արշավ։




































