Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եթե Երևանն անհրաժեշտ է համարում «Թրամփի երթուղու» ստեղծումը, Ռուսաստանն այդ հարցում աջակցում է Հայաստանին: Օվերչուկի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
Սակայն Օվերչուկը հավելել է, որ այդ նախագծում «կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է հստակեցվեն հայկական և ադրբեջանական կողմերի հետ»:
Օվերչուկը նաև հայտնել է, որ Ռուսաստանում առաջիկայում սպասում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Շատ մոտ ապագայում մենք նրան նույնպես սպասում ենք Ռուսաստանում, սպասում ենք նրան հյուր»,- ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ինքը կմեկնի Հայաստան՝ ԵԱՏՄ-ում աշխատանքի շուրջ քննարկումների: Հաջորդ շաբաթ, նրա խոսքով, բանակցություններ են նախատեսված նաև ադրբեջանական կողմի հետ:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան






































