ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Դարի գործարքը» մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ օկուպացիոն նախագիծ է։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի խորհրդարանում փետրվարի 14-ին ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելքի համար ԱՄՆ-ի խաղաղ ծրագիրը խաղաղության ստեղծման նախագիծ չէ։ Սա օկուպացիայի նախագիծ է։ Վերջին շաբաթներին ամերիկյան վարչակազմն այդ ծրագիրը «Դարի գործարք» է հայտարարել, մենք մեր կարծիքն ենք հայտնել այդ անեքսիայի ծրագրի վերաբերյալ: Մենք հայտարարել ենք ամբողջ աշխարհին, որ Տաճարի լեռան հրապարակը չենք թողնի իսրայելցի օկուպանտներին», – հայտարարել Է Էրդողանը։
ԱՄՆ նախագահը հունվարի վերջին Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հնչեցրել Է պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման ծրագրի առանցքային կետերը, որը կոչվում է «Դարի գործարք»: Ծրագրի հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է։ Թրամփն առաջարկել է Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից բաղկացած Պաղեստինի տարածքը կապել արագընթաց տրանսպորտային հաղորդագրությամբ, իսկ Արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը միևնույն ժամանակ Երուսաղեմը Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» է անվանել և հայտարարել Է հրեական բնակավայրերն Իսրայելի տարածք ճանաչելու Վաշինգտոնի մտադրության մասին: Թրամփը Պաղեստինի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաև զինված պայքարի մեթոդներից: Կարգավորման առաջխաղացման համար ԱՄՆ-ն 50 մլրդ դոլար է առաջարկում պաղեստինցիներին՝ որպես ներդրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







