Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին կոչ է արել աջակցել ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցմանը՝ այն ներկայացնելով որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչների «վերադարձ»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համապատասխան կոչն ամփոփված է համատեղ դիմումում, որն ընդունվել էր սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում անցկացված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում» համաժողովի մասնակիցների կողմից։
Միջոցառումն անցկացվել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։ Դիմումում, մասնավորապես, կոչ է արվում ապահովել Հայաստանում «ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։
Համաժողովի բացման ելույթում Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչն անդրադարձել էր, իր ձևակերպմամբ, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքին՝ պնդելով, որ այդ հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում։
Համաժողովի ընթացքում ցուցադրվել էր նաև կարճ վավերագրական ֆիլմ, որը, ըստ կազմակերպիչների, պատմում է ներկայիս Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների պատմության և նրանց տեղահանության մասին։
Նույն դիմումում «Արևմտյան Ադրբեջանը» հիշատակվում է Բոնեյրի, Արուբայի և Սինտ Մարտենի, ինչպես նաև սիկհական, կոնգոյական, բուրունդիական և ռուանդական համայնքների հետ մեկ շարքում։
Բաքվի նախաձեռնող խումբն ստեղծվել է 2023 թվականին Բաքվում։ Այն կազմակերպում է ապագաղութացման և «վերադարձի իրավունքի» թեմաներով միջոցառումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Հունիսին խումբը նմանատիպ համաժողով էր անցկացրել նաև Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն անվանել էր լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք Հայաստանի, ինչպես նաև հաստատված խաղաղության համար։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ Բաքուն համակարգված առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մայիսին Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոնը», որը ֆինանսավորում է երկրի Մշակույթի նախարարությունը։ Նրա խոսքով՝ այդ թատրոնը հավակնում է Երևանում Արցախի ներկայացուցչության շենքին, իսկ Ադրբեջանը ձգտում է մշակութային հիմնավորումներ ստեղծել Հայաստանում իր հավակնությունների համար։
Մայիսին ՀՀ վարչական դատարանը Գլխավոր դատախազության հայցով անվավեր էր ճանաչել ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի կառավարության սեփականության իրավունքի գրանցումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







