ՀՀ վարչական դատարանի նախագահի վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա որոշումը «պատմական խայտառակություն» էր որակել։
«Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել»,- գրել է փաստաբանը և նշել, որ որոշումը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։
Երիցյանը հիշեցրել է, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էր Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
2025-ին դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ։ Դեկտեմբերի 11-ին ՔԿ-ն խուզարկություն էր իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ն խուզարկության ժամանակ առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իր։




































