Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնող TRIPP (Trump Route for International Peace and Prosperity՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») երթուղու մուտքն ու դրանից ելքը կիրականացվեն Ադրբեջանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտված է 95%-ով, իսկ երկաթուղային հատվածինը՝ 75%-ով։ Երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։
Ադրբեջանական կողմը շարունակում է նախագիծն անվանել «Զանգեզուրի միջանցք»՝ չնայած Երևանի՝ TRIPP անվանումն օգտագործելու կոչերին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ խոսքը TRIPP նախագծի, այլ ոչ թե «միջանցքի» մասին է։
Բայրամովի խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային հատվածի երկարությունը կկազմի 42 կմ։ Նա հայտարարել է, որ նախագծի իրականացման շուրջ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ TRIPP-ի կառուցումը կարող է սկսվել 2027 թվականի սկզբին։
TRIPP նախագծի ստեղծման մասին հայտարարվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։ Փաշինյանն ու Ալիևն ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղու ստեղծում։
Հայաստանն ու ԱՄՆ-ն TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը նախաստորագրել էին այս տարվա մայիսի 26-ին, իսկ հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին փաստաթուղթը։ Համաձայնագիրը նախատեսում է TRIPP Development Company-ի ստեղծում, որը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը։ Ընկերության 74%-ը կպատկանի ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությունը ենթակառուցվածքների զարգացման իրավունք կստանա 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ Հայաստանի մասնաբաժինը հետագայում կհասնի 49%-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







