Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում շարունակել են գործել 65 հազար ձեռնարկություններ։ Այս մասին, РЕГНУМ-ի հաղորդմամբ, մայիսի 27-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։
«Տնտեսության ամբողջական կանգ չենք ունեցել։ Վրաստանում կանգ չի առել ոչ մի գյուղատնտեսական ձեռնարկություն, ես էլ չեմ խոսում պարենամթերքի իրացման և առաքման ծառայությունների մասին։ Կանգ չի առել ոչ մի համակարգային ենթակառուցվածքային նախագծի իրականացումը, աշխատանքը չի դադարեցրել ոչ մի համակարգային արդյունաբերական ընկերություն։ 65 000 ձեռնարկություններ շարունակում են աշխատել, իսկ դրանք տասնյակ հազարավոր աշխատատեղեր են։ Այս ամենը կատարվել է խիստ հսկողության տակ, եւ դուք չեք կարողանա անվանել մի դեպք, երբ այդ ձեռնարկությունները դառնան վիրուսի տարածման աղբյուր, քանի որ այդ ամենն արվում էր փուլային, պրագմատիկ և հաշվի առնելով ռիսկերը», – ասել է վարչապետը։
Վրաստանի վարչապետի խոսքով ՝ կառավարությունը գնացել է նաեւ այնպիսի ծայրահեղ միջոցների, ինչպիսիք են առանձին արդյունաբերական քաղաքների փակումը, բայց միայն այն պատճառով, որ կորոնավիրուսը այնտեղ չտարածվի, քանի որ այդ քաղաքներում մոբիլիզացվել է տեղական աշխատուժը:
«Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանում կարանտինի նման մակարդակ չի եղել, ինչպես Եվրոպայի այլ երկրներում։ Մենք մարդկանց չենք արգելել տնից դուրս գալ։ Չնայած դրան՝ այսօր համաճարակը մեր հսկողության տակ է», – ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







