Հայաստանի ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ՝ քննադատելով ընտրությունների վերջնական արդյունքները և պահանջելով համատարած վերահաշվարկ ու նոր ընտրությունների անցկացում։
Ընդդիմադիրները պնդում են, որ միայն նոր քվեարկության միջոցով է հնարավոր երկրում վերականգնել իրավակարգը։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Ակցիային մասնակցում էին ոչ միայն խորհրդարանական անցողիկ 4 տոկոսի շեմը չհատած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության, այլև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներն ու իրենց հարյուրավոր աջակիցները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ԿԸՀ այնպիսի հիմքեր ենք ներկայացրել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ ԿԸՀ նիստի ընթացքում նա ընդգծել է, որ հանձնաժողովը որևէ գործողություն չի ձեռնարկել արձագանքելու իշխանության չարաշահումներին։ Ըստ նրա, կասկած է առաջացնում այն փաստը, որ 79,125 անձնագիր չի աշխատել։
Վերջնական արդյունքների հրապարակումից հետո հավաքվածները վանկարկում էին՝ «Ամո՛թ»։ Նրանք տեղում պարզել էին «Պահանջում ենք վերահաշվարկ» և «Մի՛ գողացեք ԲՀԿ-ի ձայները» գրությամբ պաստառներ։ ԿԸՀ շենքի հարակից տարածքում կենտրոնացված էին մեծ թվով ոստիկանական ուժեր։
ԲՀԿ ներկայացուցիչները ԿԸՀ որոշումը որակել են որպես արհամարհանք ընտրողների իրավունքների նկատմամբ։ Նրանք զգուշացրել են, որ եթե վերահաշվարկ չիրականացվի, ԲՀԿ-ն «կմնա Փաշինյանի կոկորդին»՝ շարունակելով անզիջում պայքարը քաղաքացիների քվեների պաշտպանության համար։ Ընդդիմադիրներն ընդգծել են, որ խնդիրը զուտ ԲՀԿ-ի ձայների հաշվարկը չէ. կասկածի տակ է դրված ամբողջ նախընտրական և ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Ակցիայի ընթացքում ԿԸՀ ղեկավարությանը հասցեագրվել են «չստացված նկարիչներ» և «Ալիևի կամակատարներ» արտահայտությունները։
«Սրանք որ ամոթ ունենային, երկիրն այս վիճակում չէր լինի, Եռաբլուրում զոհերի ծնողներին գետնին քաշ չէին տա, Ալիևի ասածները նույնությամբ այստեղ չէին կրկնի»,- հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը։
Armenia Today-ի թղթակիցը ակցիայի վայրից հայտնել է նաև, որ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այդ ծայրահեղ քայլով նա իր դժգոհությունն է հայտնում ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչելու և նոր ընտրություններ չնշանակելու դեմ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել է, որ ԱԺ ընտրություններում նոր տեսակի խախտումներ են եղել, որոնք նախկինում երբևիցե Հայաստանում չեն կիրառվել։ Իր գնահատականով, իշխանությունները բռնաճնշումների մեծ մասշտաբներով «նոր կարմիր գծեր խախտեցին»։ Իրավաբանը նաև հայտնել է, որ նույնիսկ ֆիզիկական միջամտություն են փաստել․ նրա տվյալներով՝ խախտում արձանագրած վստահված անձանց շենքից հանել, ծեծի էին ենթարկել։
Ակցիայի առանցքային թեմաներից էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ժամանումը Հայաստան և նրա հանդիպումը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ընդդիմադիր գործիչներն այս այցն ուղիղ կապել են հետընտրական գործընթացների հետ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ Հաջիևն ու Գրիգորյանը քննարկում են Հայաստանում «թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր»։ Պատգամավորն առաջարկել է, որ Հաջիևը Նիկոլ Փաշինյանին իր հետ Բաքու տանի, քանի որ վերջինս, նրա գնահատմամբ, լեգիտիմ ընտրված ղեկավար չէ։
Թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն անհանգստացած է այն փաստով, որ նույնիսկ նման ծավալի խախտումներով անցած ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ապահովել։
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ Ալիևը Հաջիևին ուղարկել է Հայաստանը «թրքացնելու» և այդպիսով կեղծված ընտրություններին իր աջակցությունը ցուցաբերելու նպատակով։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ հավելել է, որ այս իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում փաստացի գոյություն չունեն անկախ իրավապահ մարմիններ և ընտրական հանձնաժողովներ։
































