Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին: Մինչ վերահաշվարկը և ընտրության մասնակիցներից ստացված բողոքների քննությունը շարունակվում են, Armenia Today-ը հարցրել է երևանցիներին՝ արդյո՞ք նրանք մասնակցել են քվեարկությանը և վստահո՞ւմ են արդյունքներին:
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ ոչ միայն բուն ընտրությունները, այլև նախընտրական շրջանն ուղեկցվել են խախտումներով, ճնշումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ։
«Ընտրություններն արդար չէին, և դա երևում էր հենց սկզբից։ Մարդիկ մեր երկրի մահապատիժն ստորագրեցին»,- կարծիք է հայտնել քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի դժվարացել է որակել, թե ինչպիսին էին ընտրությունները և դժգոհություն է հայտնել գործող իշխանության ղեկավարի վարած քաղաքականությունից։
«Այս մարդը պառակտում է ազգը, ատելության խորհրդանիշ է դարձել, նստած է թույն ու թարախի վրա, նա պիտի գնա, որ ժողովուրդը խաղաղվի»,- կարծիք է հայտնել մյուս քաղաքացին։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկն ընտրությունների արդյունքները կասկածելի է համարել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան հաշվարկի ավարտն արդեն հայտարարել էր իրենց ուժի հաղթանակի մասին։
«2005 ընտրական տեղամասերի 10%-ն ստուգելուց հետո, երկրի, այսպես կոչված, ղեկավարը հայտարարում է, որ շնորհավորե՛ք, ես ընտրվել եմ։ Կեղծ է, անօրեն։ Ներկայիս իշխանությանը չեմ ընդունում ու չեմ էլ ընդունել 8 տարի»,- հայտարարել է քաղաքացին։
Քաղաքացիներից քչերն են ընտրությունները լիովին կամ մասամբ արդար համարել։
«Ընտրություններն արդար էին այնքանով, որքանով հնարավոր էր ՀՀ-ի համար»,- ասել է քաղաքացին։
Գործող իշխանությունը 20% ձայների հաշվարկից հետո իրեն հաղթող է հայտարարել, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել են վերահաշվարկել արդյունքները՝ մատնանշելով բազմաթիվ ընտրախախտումները և ճնշումները։ «Ուժեղ Հայաստան»-ն ու «Միասնության թևեր»-ը նաև դիմել են ԿԸՀ՝ ընտրության արդյունքներն առհասարակ չեղարկելու պահանջով։
Արդյունքներն ամփոփելուց հետո «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու քվեարկության արդյունքները։
Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։


































