Ռուսաստանը Հայաստանին մոտ մեկ ամիս ժամանակ է տվել՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ սահմանված ժամկետում վերջնական դիրքորոշում չհայտնելու դեպքում Մոսկվան մտադիր է Հայաստանի նկատմամբ կիրառել տնտեսական ավելի խիստ սահմանափակող միջոցներ։
Առևտրային սահմանափակումներին զուգահեռ՝ Մոսկվան դիտարկում է Հայաստանի վրա ճնշման լրացուցիչ լծակների կիրառում։ Ռուսական կողմի հնարավոր քայլերի շարքում նշվում են ՌԴ-ից հայ աշխատանքային միգրանտների արտաքսումը, դեպի ՀՀ ուղիղ ավիահաղորդակցության դադարեցումը, ինչը ռիսկեր է ստեղծում զբոսաշրջության ոլորտի համար: ՌԴ-ում, ըստ աղբյուրի, չեն բացառում նաև մատակարարվող բնական գազի գնագոյացման պայմանավորվածությունների վերանայումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-ին Չոլպոն-Ատայում (Ղրղզստան) ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ այս փուլում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը գործնական իմաստ չունի։ Այս մասին նա հայտարարել էր՝ անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների՝ ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու կոչին։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ ԵԱՏՄ երկրների հարաբերությունների զարգացումը երրորդ պետությունների ու միավորումների հետ չպետք է ընկալվի որպես «զրոյական գումարով խաղ», որտեղ որոշ կապերի ամրապնդումը պարտադիր տեղի է ունենում մյուսների հաշվին։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







