ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ-ի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։ Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Կարդացեք նաև






































