ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների շուրջ ստեղծված իրավիճակը։
Վարչապետն արձանագրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։
«Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այդ հարցի վերաբերյալ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է Փաշինյանը։
Նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանը Երևանում Հուքերի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և TRIPP նախագծի առաջմղումը։
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Հուքերի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման օրակարգի առաջխաղացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






