Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա, «Արմենպրեսին» ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին:
«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում»,- նշել է Միրզոյանը:
Միաժամանակ, նա շեշտել է, որ այս երկու բաղադրիչից որևէ մեկը մյուսով պայմանավորված չէ, և եթե փորձ արվի դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, «գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրական անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»:
Թուրքիայի ԱԳ նախարարը երկրի խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան՝ հայտարարել էր, որ եթե Անկարան հիմա կարգավորի Երևանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը, քանի որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։
Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Միրզոյանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
«TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի, թե´Հայաստանն այլ երկրների, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը:





































