Անկարան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր քաղաքականության մասին։
«Պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր»,- ասել է նա։
Ֆիդանն ընդգծել է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի դեմ լծակ է՝ հասնելու տարածաշրջանում ամբողջական խաղաղության»։
«Եթե այս պահին կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում չի քննարկվում երկու հարց՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված: Նրա խոսքով՝ այս հարցերի լուծումից և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ։
Հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը միայն ժամանակի հարց են։ Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Բաքվի հետ միաժամանակ շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։





































