«Քաղաքացիական պայմանագրի» անկուսակցական պատգամավորները մինչ այս պահը տեղեկություն չունեն իշխանական խմբակցության նախընտրական գործընթացների մասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նոյեմբերի 11-ի դրությամբ պատգամավորության թեկնածուի ոչ մի անկուսակցական առաջադրում չի արվել։
Թերթի տեղեկությամբ՝ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը մոտ օրերս կառաջադրվի, Գագիկ Մելքոնյանը որոշել է չառաջադրվել, իսկ Խաչատուր Սուքիասյանը դեռ չի կողմնորոշվել։
Անկուսակցականները ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար պետք է վարչության որևէ անդամի երաշխավորություն ունենան։ Բացի այդ, գրանցվելու դեպքում նրանք 500 հազարի փոխարեն 1,5 միլիոն դրամ պետք է վճարեն ՔՊ բյուջե։
Մամուլը նոյեմբերի 5-ին գրել էր, որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար սահմանված գումարի չափը՝ 500 հազարից 1,5 միլիոն դրամ, դժգոհություն է առաջացրել։ Նոյեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ ՔՊ ներկայացուցիչները ևս չեն շտապում ընդգրկվել 2026թ․ ընտրությունների նախընտրական ցուցակում։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։






































