ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում նշել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հնարավոր կլինի ապահովել միայն այն դեպքում, եթե խաղաղության գործընթացում ներգրավվեն համաշխարհային առաջատար պետությունները՝ Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Չինաստանը։
«Առաջարկում եմ ստորագրել մեկ այլ փաստաթուղթ՝ գործող փաստաթղթից բացի, որը կունենա երաշխիքների համակարգ, քանի որ գործող փաստաթուղթը նման համակարգ չի ներառում»,- ասել է Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը համեմատել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված Trump Route for International Peace and Prosperity («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) փաստաթուղթը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության հետ։
«Բովանդակությունը նույնն է, միակ տարբերությունն այն է, որ Արցախը և Լաչինի միջանցքն այդ ժամանակ գոյություն ունեին, և 9-րդ կետը ներառվել էր միջանցքի հետ համաչափության համար, ինչը պահանջում էր Ադրբեջանը»,- նշել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է՝ նոյեմբերի 9-ին՝ 5 տարի առաջ ստորագրած փաստաթղթի 9-րդ կետը նախատեսում էր ճանապարհներով անարգել անցում և տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ Քոչարյանը շեշտել է, որ այս կետը հնարավորություն էր տալիս պահպանել Արցախը։
«Այդ ժամանակ միջանցքի տրամաբանություն չկար։ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ-խմբ․) հետևողականորեն հրաժարվում էր իրականացնել այս կետը, ինչը հանգեցրեց Լաչինի միջանցքի փակմանը և Արցախի կորստին։ Ընդդիմադիր ոչ մի գործիչ չասաց, որ փաստաթուղթը պետք է չեղյալ հայտարարվի։ Այն փաստագրում էր պատերազմում պարտությունը, բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն էր տալիս պահպանել Արցախը»,- ասել է նախկին նախագահը։
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղությունը երաշխիքային մեխանիզմներ չունի։
«Նրանք չեն կրակում, որովհետև ինչ էլ որ Ադրբեջանն ուզում է, Փաշինյանը տալիս է առանց կրակոց արձակելու։ Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից՝ կուզի՝ այդ խաղաղությունը կլինի, կուզի՝ չի լինի։ Այդ մարդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Սա խաղաղություն չէ»,- ընդգծել է Քոչարյանը։
Հայերի Արցախ վերադառնալու իրավունքը պետք է պաշտպանվի միջազգային մակարդակով
Նախկին նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցը լիովին փակված չէ։
«Մենք պետք է իրատես լինենք, պետք է պայքարենք միջազգային կառույցներում Արցախ վերադառնալու իրավունքի համար։ Որպեսզի հույս առաջանա, Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը»,- ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմն անխուսափելի էր, սակայն դրա արդյունքն անկանխատեսելի էր մինչև 2018 թվականը։ Նա պարտության համար նշել էր երեք պատճառ՝ բանակցություններից հրաժարվելը, նոր իշխանությունների գործողությունները, որոնք թույլ էին տվել Ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը, և բանակի մարտունակության անկումը։ Սարգսյանը նաև հայտնել էր, որ 2019 թվականին տեղեկություններ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային նոր փաստաթղթի մասին, որը, ըստ նրա, հետագայում հաստատվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։
Փաշինյանը հայտարարել էր, որ ի պատասխան 44-օրյա պատերազմի և 2019 թվականի բանակցությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունների՝ կհրապարակի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ։




































