Ժողովրդագրական զարգացումների ցուցանիշների վերաբերյալ կառավարության հույժ գաղտնի զեկույցը հաստատել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ նոյեմբերի 1-ի հայտարարությունն այն մասին, որ նախ անհրաժեշտ է գործարաններ կառուցել, ապա նոր միայն դպրոցներ՝ երկրում արտագաղթը կանխելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կարապետյանը պարզաբանել էր, որ այս դիրքորոշումը բխում է Կարապետյան ընտանիքի անցյալի փորձից: Նա պատմել էր, որ քսան տարի առաջ Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել էին գերժամանակակից դպրոց, ապա վերանորոգել մարզի բազմաթիվ ճանապարհներ, տներ: Սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում մարդիկ շարունակում են հեռանալ, որովհետև, եթե մարդը չունի աշխատանք, նա չի մնալու երկրում, եթե անգամ ոսկուց քաղաք կառուցեն։
Ըստ թերթի՝ զեկույցը պատրաստվել է երկու ամիս առաջ տարբեր գերատեսչությունների, փորձագետների կողմից, այդ թվում՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի։
Փաստաթղթի եզրակացությամբ՝ երկրի ժողովրդագրական իրավիճակը հաշվի առնելով՝ գործող քաղաքականությունն անարդյունավետ է. դպրոցներ են կառուցվում, բայց երեխաներ չկան, որպեսզի հաճախեն, ուստի առաջնահերթությունները պետք է փոխվեն։





































