«Մեր ձևով» շարժման համակարգող և «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնել գործարանների կամ դպրոցաշինության առաջնահերթության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագների իջեցման վերաբերյալ շարժման դիրքորոշման մասին:
Նա նշել է, որ նախորդ շաբաթ հանրությունը քննարկել է երկու կարևոր հարց․ նախ՝ դպրոցնե՞ր, թե՞ գործարաններ կառուցել, և արդյոք էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնե՞լ, թե՞ պահպանել: Կարապետյանի խոսքով՝ շարժումը կարծում է, որ նախ պետք է գործարաններ կառուցվեն և միայն դրանից հետո՝ դպրոցներ: Նա բացատրել է, որ այս դիրքորոշումը բխում է Կարապետյան ընտանիքի անցյալի փորձից: Քսան տարի առաջ նրանք Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել էին գերժամանակակից դպրոց, ապա վերանորոգել մարզի բազմաթիվ ճանապարհներ, ինչպես նաև տներ:
«Սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում մարդիկ էլի շարունակում են հեռանալ, որովհետև պատճառը մեկն է՝ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում ես՝ ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքիր, նվիրիր։ Մարդկանց պետք է ապահովել սկզբնական հացով, ապրուստով և հետո նոր լավ պայմաններով»,- ասել է նա։
Նշելով դպրոցների կառուցման կարևորությունը՝ Կարապետյանն ընդգծել է, որ այն իրավիճակում, երբ բնակչության շուրջ 25%-ը (մոտավորապես՝ 700 000 մարդ) ապրում է աղքատության գծից ցածր մակարդակում, կարևոր է, որ դպրոցաշինությունը լինի առաջնահերթություն՝ հարկեր վճարող արդյունաբերության և գործարանների ստեղծումից հետո, որոնք, իրենց հերթին, կֆինանսավորեն դպրոցների շինարարությունը։
Նա բացատրել է, որ դպրոցների շինարարությունն այժմ ֆինանսավորվում է վարկերով, որոնք այնուհետև մարվում են երկրում գործող բիզնեսների հարկային եկամուտներով։ Սա նշանակում է, որ կրթական հաստատությունների շինարարության մեջ կատարված ներդրումները որևէ լրացուցիչ շահույթ չեն ապահովել երկրի համար։
«Եթե գործարան ենք կառուցում, ավելանում է շահութարկ, ավելանում է եկամտահարկ, երկիրն ակտիվանում է, և այդ փողերով կարող ենք արդեն առանց վարկ վերցնելու կառուցել դպրոցներ»,- ասել է Կարապետյանը։
Նա նաև մեկնաբանել է իշխանությունների հետ շարժման քննարկումներն էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Կարապետյանը նշել է, որ իրենք պատրաստ էին իջեցնել սակագները նույնիսկ քաղաքականություն մտնելուց առաջ։
Շարժման համակարգողի խոսքով՝ այս հարցն ունի երկու կողմ․ հնարավոր կլինի՞ պահպանել ցածր սակագները, և ինչպիսի՞ն կլինի նվազեցման ազդեցությունը։ Շեշտելով, որ կյանքը Հայաստանում բավականին թանկ է, իսկ աղքատությունը՝ բարձր, նա ընդգծել է, որ «Տաշիր» խումբն առաջարկում է իջեցնել սակագները միայն բնակչության համար։ Նա կարծիք է հայտնել, որ այս երկու օրակարգերը հեղափոխական են։
«Մեր երկիրն առաջին անգամ սկսում է քննարկել, մեր երկրի իշխանությունը և ապագա իշխանություններն սկսում են քննարկել մի ձևաչափ, որը կապված է մարդկանց կյանքի հետ, մենք չենք անվանարկում, չենք վիրավորում որևէ մեկին, և աշխատում ենք պահել այդ կարմիր գծերը ոչ թե նրա համար, որ չենք տեսնում խնդիր իրար կամ իշխանության անցած ճանապարհի մեջ, այլ տեսնում ենք, որ դա չի օգնելու մարդկանց։ Լավ երկիր սարքելու միակ ճանապարհն է՝ օրակարգերը դարձնել մարդկանց օգտակար»,- ընդգծել է շարժման համակարգողը՝ նշելով, որ նորմալ երկրներում քննարկվում են գաղափարներն ու առաջարկները, այլ ոչ թե մարդիկ։
Նյու Յորքում գտնվող Կարապետյանը նաև հայտնել է, որ The Financial Times-ն իր շաբաթօրյա համարում հոդված է հրապարակել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին։ Շարժման համակարգողը խոստացել է հրապարակման մանրամասները ներկայացնել ավելի ուշ։
Մանրամասները՝ տեսանյութում։




































