Իշխանություններն արգելափակել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերահսկողական կոմիտեի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին։
Նրա խոսքով` էջը փակվել է այն բանից հետո, երբ Ֆեյսբուքի վարչակազմին բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկվել:
«Սա ազատ խոսքի սահմանափակման հերթական դրսևորումն է, իշխանությունները կարող են արդարանալ, թե իրենք կապ չունեն, Ֆեյսբուքն է փակել, սակայն մեր ճշտումների արդյունքում պարզել ենք, որ էջն արգելափակվել է բարձր մակարդակով «բողոքներ» (Ֆեյսբուքի ադմինիստրացիային ռիփորտներ) ուղարկելու արդյունքում»։ Այդ էջով էին ներկայացվում իրենց բոլոր ստերը և ճշմարտությունը հրամցնում ժողովրդին, որն արդեն քանի օր է՝ իսկապես չի գործում»,- ասել է Ղազինյանը թերթին։
«ՀԷՑ-ի վերահսկիչ կոմիտե» անվամբ էջում ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի թիմը պարբերաբար լուսաբանում էր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո առաջացած խնդիրները: Մասնավորապես՝ կոմիտեն ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին առաջարկել էր հերքել հրապարակած տեղեկությունը, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձն «ուղղակի կամ անուղղակիորեն ներազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։ Կոմիտեում Պետրոսյանի հայտարարությունը «սխալ տեղեկություն» էին անվանել։
Հունիսին Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնել էր ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց։
Հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, և նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Կառավարությունն արձագանքել էր՝ նշելով, որ թեպետ հարգանքով են վերաբերում օտարերկրյա արբիտրաժների որոշումներին, բայց բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։




































