Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է, հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժումը:
Շարժումը դատապարտել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը՝ այն համարելով ապօրինի:
«Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով»,- ասված է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը և, առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների «շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի», ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը «փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին»։
Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում: Դատարանը նրան դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







