ԱՄՆ-ն նախատեսում է մինչ տարեվերջ ձևավորել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ մասին Պետդեպարտամենտից հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներին։
Աշխատանքային խմբերն ԱՄՆ-ն կձևավորի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունների և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա։
Պետդեպից ընդգծել են, որ ԱՄՆ-ն գնահատում է տարածաշրջանային վերջին քայլերն ու երկխոսությունը, ներառյալ՝ սահմանազատման, ականազերծման, ենթակառուցվածքների զարգացման և բեռների տարանցման վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան


































