Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր վարչապետի թեկնածուն, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Համբարձումյանը հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես կալանավորվել էր:
«Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար՝ փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Համբարձումյանն իմփիչմենթի գործով մնալու է մեր վարչապետի թեկնածուն»,- ասել է Սարգսյանը:
ՀՀԿ ղեկավարը կարծում է, որ Համբարձումյանին կալանավորել են ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, այլև նրա դիրքորոշման պատճառով:
«Շատ դաժան որոշում են կայացրել այն պարզ պատճառով, որ համաներումը որևէ ազդեցություն չունենա»,- վստահություն է հայտնել Սարգսյանը՝ վերահաստատելով կուսակցության դիրքորոշումը, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։
Ըստ նրա՝ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Մասիսի քաղաքապետի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի այդ, Սարգսյանը շեշտել է՝ Համբարձումյանին 6 տարի 3 ամսով ազատազրկման դատապարտելու ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այս պատժամիջոցի վրա:
Հարցին, թե ինչո՞ւ են արևմտյան, միջազգային կառույցները լռություն պահպանում և որևէ կերպ չեն արձագանքում այս ամենին, նախկին նախագահը պատասխանել է. «Պարզ է, շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով»։
Ինչ վերաբերում է 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության դիրքորոշմանը, նա ասել է, որ իրենք այլ պլան չունեն, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը։ Սարգսյանը հավելել է, որ պատրաստ են լսել քաղաքական այլ ուժերի առաջարկությունները, եթե կան այդպիսիք:
Դատարանը Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







