Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Նաչո Սանչո Ամորը հայտարարել է, որ քաղաքացիներին սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքների համար հետապնդելն անընդունելի է ժողովրդավարական երկրներում։
Նա այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 28-30-ը Երևանում ընթացող «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում։ Միջոցառումը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Եվրոպական խորհրդարանի անդամի խոսքով՝ եթե Հայաստանը քննարկում է Եվրամիությանը միանալու հարցը, ապա պետք է հատուկ ուշադրություն դարձնի խոսքի ազատությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։
«Եթե, օրինակ, կաշառքի համար է, դա մի բան է, բայց եթե սոցիալական ցանցերում արտահայտած կարծիքի համար են դատվել, զգույշ եղեք։ Մենք լավ գիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ սկսում եք հետապնդել մարդկանց պարզապես սոցիալական ցանցերում ինչ-որ բան գրելու համար, սա արդեն մեթոդ է։ Մեկ անձի անգամ չպետք է բանտարկել ժողովրդավարական հասարակությունում։ Դուք չպետք է հարյուրավոր ոստիկանների ուղարկեք մարդուն ձերբակալելու համար»,- ասել է Իսպանիայի ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանում կայացած «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։
Նա հայտարարել է, որ նման դեպքերն «իրավական համակարգի խորհրդային ժառանգության» հետևանք են, որը ձերբակալություններ է ենթադրում առանց պատշաճ դատավարության։
«Հայաստանում մնացել է իրավական համակարգի խորհրդային մեծ ժառանգություն, որը հանգում է «սկզբում կուղարկենք բանտ, հետո կտեսնենք, թե ինչ կլինի» սկզբունքին։ Ընդ որում՝ Արդարադատության նախարարությունն ակտիվորեն պայքարում է այդ ժառանգության դեմ»,- եզրափակել է Ամորը։
Ավելի վաղ Վրաստանը և Ադրբեջանը հրաժարվել էին մասնակցել «Եվրանեսթի» ԽՎ-ի 12-րդ լիագումար նիստին Երևանում։





































