Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները չեն մասնակցի Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին։
Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին նամակ է հղել «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին՝ նշելով, որ վեհաժողովի վերջին գործողությունները «լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով», գրում է apsny.ge-ն։
«Կոչ ենք անում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին խորհել վերոնշյալ օրինական հարցերի շուրջ և վերադառնալ իր հիմնադիր սկզբունքների հարգմանը: Միայն դա ճանաչելով վեհաժողովը կկարողանա իրականացնել իր իրական նպատակը՝ դառնալ հուսալի հարթակ Արևելյան գործընկերության և դրա մասնակից երկրների համար»,- ասվում է Մախաշվիլիի նամակում։
«Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտնել է, որ եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են «Եվրանեսթ» ԽՎ-ի գործունեության կեսը, «հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Միլլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ։ Այս պատճառներով չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը։ Ցանկանում եմ նշել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 28-30-ը տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:




































