«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը հորդորել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանին պահել խոստումը և ներողություն խնդրել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից։
Հոկտեմբերի 15-ին Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Կարապետյանի մասին, նշել էր, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում կատարած մեկ բարերարություն։
Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութ՝ Սոթք գյուղից, որտեղ Կարապետյանն իր միջոցներով վերականգնել էր 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։
«Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Կարապետյանից, փոխարենը՝ սկսեց պոստֆակտում ինչ-որ նոր, չփոխկապակցված պայմաններ ավելացնել։ Գրիգորյան, մեր մեծերը մեզ սովորեցրել են, որ եթե հայ տղամարդն ինչ-որ մի բան է խոսք տալիս, պետք է անի»,- նշել է Ալեքսանյանը։
Նա նաև թվարկել է Կարապետյանի կողմից մարզում մինչև 2021 թվականը կատարված մի շարք բարեգործություններ ևս։ Ալեքսանյանը հիշեցրել է, որ Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2020 թվականին ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Ճամբարակի և Վարդենիսի հիվանդանոցներին:
Բացի այդ, 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը տված՝ ծնունդով Գեղարքունիքից 309 հերոսների ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարը պատերազմից ի վեր վճարվել է Կարապետյանի միջոցներով։
Մանրամասները՝ տեսանյութում։




































