«Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Էջմիածին՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու, հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մոտակա օրերին առաջարկելու ենք գնալ Էջմիածնի Մայր Տաճար ուխտագնացության ու դրանով ցույց տանք այս մարդկանց, որ Էջմիածինն անպաշտպան չէ։ Հայերը պաշտպանելու են Էջմիածինը, ինչպես Սարդարապատի ժամանակ, այնպես էլ միշտ»,- ասել է նա Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կազմակերպված հավաքի ժամանակ։
Ավելի ուշ շարժման ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ ուխտագնացությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:30-ին։
Ավելի վաղ, Երևանի կենտրոնում կայացած հանրահավաքից հետո, շարժման աջակիցները երթով շարժվել են դեպի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենք, որտեղ պահվում են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը։ Երթի ընթացքում մասնակիցները վանկարկել են «Պայքար՝ մեր ձևով» և «Ազատություն»։ ԱԱԾ շենքի դիմաց տեղի է ունեցել հավաք՝ շարժման առաջնորդին և ներկայումս ձերբակալված հոգևորականներին ազատ արձակելու պահանջով:
Հանրահավաքի ժամանակ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը կգլխավորի շարժման հիմքի վրա ստեղծվելիք քաղաքական կուսակցությունը:
Հանրահավաքին Նարեկ Կարապետյանը խոսել էր ՀՀ-ում խաղաղ ճանապարհով դեպի իշխանափոխություն տանող երեք քայլերի մասին։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝




































