«Միասնության թևեր» նախաձեռնությունն առաջարկելու է հարկային նոր համակարգ, որը համապատասխանելու է ՀՀ տնտեսական մոդելին՝ հրաժարվելով սպառման հարկման մոդելից, իսկ ավելացված արժեքի հարկն աստիճանաբար փոխարինվելու է վաճառքի 5-6% հարկման թվերով, նախաձեռնության մեկնարկի միջոցառման իր ելույթում հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ կբարձրացնեն ուղղակի հարկերի, մասնավորապես՝ շահութահարկի, եկամտային հարկի դերը՝ դրանց պրոգրեսիվ համակարգերը դարձնելով զարգացման և սոցիալական բևեռացման մեղմման խթան։
«Փոքր ու միջին բիզնեսի համար ներդրվելու են նվազագույն հարկային ռեժիմներ՝ նորարարական գաղափարներ խթանելու համար։ Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկի հարկման նոր համակարգը կներդրվի միջազգային փորձին համահունչ՝ շահութարկ վճարելու պարտականությունը միայն դիվիդենտների բաշխման դեպքում կրելու պարտավորություն սահմանելու միջոցով»,- պարզաբանել է Անանյանը։
Մինչ նոր համակարգի գործարկումը, Անանյանի ներկայացմամբ, ՓՄՁ-ների համար վերականգնելու են մինչև 2025 թվականի հունվարի 1-ի հարկման այլընտրանքային համակարգերի, շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերին հասանելիությունը, ինչպես նաև հարկային բեռի հաշվարկման նախկինում գործող դրույքաչափերը՝ չեղարկելով հարկային օրենսդրության մեջ անհեռատես, անհիմն և ակնհայտ միայն ֆիսկալ նպատակ հետապնդող վերջին փոփոխությունները։
2024-ի մայիսի 2-ին կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5%-ի փոխարեն սահմանելով 10% սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու և օրենքը կասեցնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։
Փետրվարի 7-ին խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումից հետո գործարարները հայտարարել էին, որ այն արդյունք չի տվել։ Նրանք տեղեկացրել էին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։





































