Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Այսօր ավելի վաղ դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկամյա ազատազրկման։
Մայր Աթոռը շեշտել է, որ որոշումը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
«Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ևս դատապարտել է Աջապահյանին ազատազրկելու որոշումը։
«Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում»,- նշել են կուսակցությունից։
ԳՄ-ն շեշտել է, որ վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:




































