Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի») նախագծի իրականացման առաջընթացը, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, չի մանրամասնվում:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարներն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։
Այս համատեքստում Փաշինյանն ու Ալիևը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, ստորագրել Մինսկի խմբին ուղղված դիմումը և օգոստոսի 11-ին այն ուղարկել կազմակերպությանը՝ դրա գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը սեպտեմբերի 1-ին էր՝ Չինաստանում տեղի ունեցած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում: Երկու երկրների ղեկավարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել էին խաղաղության օրակարգը:





































