Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից, ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան նշել է, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։
Գրիգորյանը նիստին մասնակցել է հեռավար կարգով։ Նա հավելել է, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։
«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին»,- նշել է փոխվարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել պարզաբանել «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործումը։ «Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ի՞նչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ընդգծել էր նա։






































