Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատվել և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պարզաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հայտարարությունները։
Նա նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում՝ նախորդ տարվա իր ելույթից հետո, տեղի են ունեցել «շրջադարձային իրադարձություններ»։ Փաշինյանը հիշեցրել է, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվել է Հայաստանում և Ադրբեջանում, որը երկու երկրների միջև ստորագրված և վավերացման ընթացակարգ անցած առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։
Վարչապետը խոսել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի մասին։
«Ես ուրախ եմ միջազգային ողջ հանրությանը զեկուցել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։ Այս է պատճառը, որ Ալիևի հետ համաձայնեցրել ենք Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու մեր համատեղ որոշումը, որովհետև մեր սեփական օրինակով տեսանք, որ Թրամփն իսկապես նվիրված է խաղաղության գաղափարին»,- ասել է վարչապետը։
Խաղաղության հաստատման համատեքստում Փաշինյանը կարևորել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը։
Նա անդրադարձել է նաև Արդբեջանի նախագահի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը և կոչ արել պարզաբանել այն։
«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ի՞նչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ընդգծել է նա։
Խոսելով Ալիևի կողմից Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկելու հայտարարությունների մասին՝ Փաշինյանը հարցրել է, թե «որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»։
Նա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ՝ ի հեճուկս ձեռք բերված և հռչակված պայմանավորվածությունների։
«Բայց սա, իհարկե, մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից»,- հավելել է Փաշինյանը։
Նա նաև կարևորել է «TRIPP ուղի» ենթակառուցվածքային նախագիծը՝ գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացման, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։
«Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով»,- նշել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ դա տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման։
Փաշինյանի խոսքով՝ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում։ Ըստ նրա՝ այս հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերություններին զուգահեռ, չափազանց կարևոր են հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։
«Այս իմաստով կարևորում եմ նաև «3+3» ձևաչափը, որը մեզ համար կարևոր հարթակ է տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու, և Ռուսաստանի հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, չնայած Ռուսաստանի հետ մշտապես ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձևաչափով»,- հավելել է Փաշինյանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:



































