«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ դժգոհ են վարչության ընտրությունների արդյունքներից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ արդյունքներից հատկապես դժգոհ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է և զիջում է պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Հայկ Կոնջորյանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին:
Ձայներից դժգոհ է նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը չի մասնակցել վարչության հին կազմով նիստին։
Թիմի համար անսպասելի չեն Ալխաս Ղազարյանի ձայները՝ 513 քվե, և ՔՊ-ում չեն բացառում, որ հաջորդ ընտրություններին նա կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։ Ըստ թիմակիցների՝ նա բարի է, ոչ կոնֆլիկտային, գիտնական, բացի այդ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը ևս ազդեցություն է ունեցել պատգամավորի առաջընթացի հարցում։
ՔՊ-ի համագումարը սեպտեմբերի 20-ին էր, որի ընթացքում վարչապետը հայտարարել էր Չորրորդ հանրապետությունը որպես կուսակցության ապագա ռազմավարություն հռչակելու մասին: Որպես վարչության նախագահ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել էր 758 քվե: Վարչության վավեր քվեաթերթիկների թիվն, ըստ կուսակցության, 838 էր, քվեարկության մասնակիցների թիվը՝ 917։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







