«Քաղաքացիական պայմանագրի» համագումարից հետո կուսակցությունում զգուշավոր են դարձել ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ շփումներում, քանի որ կարծում են՝ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։
Ըստ թերթի՝ նա ներկուսակցական քննարկումների ժամանակ երբեմն «ընդդիմադիր» պահվածք է դրսևորել, որը թիմում չեն հանդուրժում։ Փաշինյանը փորձում է «կոտրել բոլոր դիմադրության օղակները» և քիչ թե շատ իրենց կարծիքն ունեցող մարդկանց փոխարինում է ենթարկվող կադրերով, հավելել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ Արշակյանն անդամավճարն ուշացրել է տարածքային կառույցի ղեկավարի հետ կոնֆլիկտի պատճառով։ Ամիսներ առաջ անգամ քաշքշուք է եղել կառույցում, Արշակյանը տևական ժամանակ բոյկոտել է կառույցի հավաքները, պատմել է ԶԼՄ-ն։
Մամուլն Արշակյանի՝ ՔՊ վարչության անդամի թեկնածություն չառաջադրելը կապել էր նրա՝ սեփական կարծիք ունենալու հետ։ Իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել էր նրա բացակայությունը կուսակցության համագումարից՝ անդամավճարի ուշացմամբ։






































