Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:14

ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է, այլ կառավարելու է ճանապարհը. Փաշինյան

ՀՀ-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է, այլ կառավարելու է ճանապարհը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցին հայտարարեց, որ «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) բացման դեպքում Հայաստան-Միացյալ Նահանգներ ընկերությունը, որը կզբաղվի այս երթուղու շահագործմամբ, ոչ թե վերահսկելու է, այլ կառավարելու է ճանապարհը։ Փաշինյանը նաև մեկնաբանեց Ադրբեջանի պահանջները՝ կապված Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հետ՝ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրն ստորագրելու համար։

Պատրաստ ենք կարգավորումների ու պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ԱՄՆ ընկերությունը, որը կզբաղվի այս երթուղու շահագործմամբ, ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ կառավարելու է այն:

«Այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացվելու: Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար: Վաշինգտոնի հռչակագրում նշված սկզբունքների շրջանակում ընդգծված է Ադրբեջանի՝ կապ ունենալու առավելությունը, և ընդգծված է Հայաստանի համար՝ ներքին և միջազգային, այսինքն՝ դեպի երրրորդ երկիր՝ փոխադարձ առավելություններով»,- ասաց նա:

Նա մեկնաբանեց նաև փորձագետների տեսակետը, որ եթե լինի երկաթուղի, իրանական բեռնատարները չեն կարղ հատել այդ ճանապարհը: Փաշինյանը բերեց ՀՀ մնացած հատվածներում ՌԴ-ի կողմից կոնցեսիայի սկզբունքով կառավարվող երկաթուղու օրինակը:

«Բազմաթիվ բնակավայրերով ու ճանապարհներով է այդ երկաթուղին անցնում, և տասնյակ, հարյուրավոր հատման տեղեր կան։ Հայկական, իրանական, վրացական, եվրոպական որևէ մեքենա այդ երկաթուղու վրայով անցնելիս որևէ խնդրի հանդիպո՞ւմ է, ոչ, որովհետև դա ՀՀ իրավազորության տարածք է»,- ասաց նա։

Փաշինյանը նաև հայտնեց սահմանային բոլոր կետերում պարզեցումների գնալու նպատակների մասին։

«Պատրաստ ենք կարգավորումների ու պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված»,- նշեց վարչապետը։

Նա շեշտեց, որ Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված է 5 սկզբունք, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն։

Փաշինյանի խոսքով՝ սա ցանկացած դեպքում բիզնես-գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։

«Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային և սահմանային հսկողության այն ձևերը, որ մեզ ծանոթ են տասնամյակների ընթացքում, արդեն գոյություն չունեն, մասնավորապես՝ կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին նոր ընթացակարգեր, նաև թվային տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությամբ գործում են այլ ընթացակարգեր, իսկ այն ձևերը, որ մարդկանց պետք է ձեռք տալ, շոշափել, դրանք բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանի բոլոր սահմաններում, 5-15 տարի հետո չեն լինելու»,- հավելեց նա:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Եթե ՍԴ-ն Սահմանադրությունը հակասող ճանաչի Ադրբեջանի հետ պայմանագրին, Փաշինյանը նախաձեռնելու է փոփոխություններ

Փաշինյանը չբացառեց ՍԴ-ի կողմից Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը հակասող ճանաչվելու դեպքում սահմանադրական փոփոխությունների գնալը:

«Եթե վավերցման գործընթացում ՍԴ-ն որոշի, որ ստորագրված խաղաղության պայմանագիրն ունի հակասություններ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա»,- նշեց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ ունեն, որի ժամկետը նշել էր 2027 թվականը:

«Նաև հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա, և երբ պատրաստ կլինի, մենք, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի, բայց դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ, չնայած ռազմավարական առումով կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա»,- ասաց նա:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր չբացառեց, որ կարող է կապ գոյություն ունենալ Հայաստանի սահմանադրության փոփոխության ծրագրերի և Բաքվից համապատասխան պահանջի միջև։

«Կապ կարող եմ և՛ տեսնել, և՛ չտեսնել, բայց մեզ համար դա բացարձակ էական չէ, մենք ունենք մեր սեփական օրակարգը և պետք է առաջ շարժվենք մեր սեփական օրակարգին հաապատասխան։ Նոր Սահմանադրություն ունենալու հարցը քննարկման սեղանին էր դրված, քան Ձեր կողմից նշված երևույթը»,- ասաց նա:

Գալյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ այդ ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր սկսվել են, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ պահանջ է ներկայացրել:

Ադրբեջանը չի հրաժարվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջից. Բաքուն օգոստոսի 9-ին վերահաստատել էր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ՀՀ սահմանադրությունը փոխելու իր նախապայմանը։

Կարդացեք նաև՝

Խաղաղության ուղի՞, թե՞ գործարք`առանց երաշխիքի. փորձագետները և սյունեցիները՝ Թրամփի ճանապարհի մասին
Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+