Խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար Բաքուն սպասում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նման կերպ Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պահանջել փոխել իր Սահմանադրությունը՝ այնտեղ «տարածքային պահանջներ» տեսնելով:
Ամիրբեկովը նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի ևս մեկ կետի վրա՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև «անխափան հաղորդակցության ապահովման անհրաժեշտությանը»։
Ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ: Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































