ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, հայտնել են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ Երևանում կայացած հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։
Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե Երևանն անհրաժեշտ է համարում «Թրամփի երթուղու» ստեղծումը, Ռուսաստանն այդ հարցում աջակցում է Հայաստանին:
ՌԴ փոխվարչապետը տեղեկացրել էր, որ կմեկնի Հայաստան՝ ԵԱՏՄ-ում աշխատանքի շուրջ քննարկումների նպատակով: Նրա խոսքով՝ բանակցություններ են նախատեսված նաև ադրբեջանական կողմի հետ:




































