«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ՔՊ հունվարի 9-ի նիստի վիճաբանության պատճառ է դարձել Տավուշում անտառահատումները, որոնք Սարգսյանի համոզմամբ ապօրինի են, հայտնել է «Իրավունք» օրաթերթը։
ՔՊ պատգամավորն առաջարկել է իրավական գործընթաց սկսել այս հարցի շուրջ։
«Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր: Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին և շեշտել, որ այստեղ նախաձեռնող կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ»,- գրել է թերթը։
Այդ հայտարարությունը, թերթի ՔՊ աղբյուրների փոխանցմամբ, «ջղաձգել է» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը «զարմացրել է ՔՊ ներկայացուցիչներին, իսկ տավուշցիներին՝ ոչ»:
Թերթի տավուշյան աղբյուրների տեղեկությամբ, «անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ եղել է Ղալումյանների հոր՝ Վոլոդյա Ղալումյանի և Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում» և պատգամավորի հայտարարոթուններն «անհարմար վիճակ են ստեղծել և՛ մարզպետի, և՛ Փաշինյանի համար»:
Մամուլը գրել էր, որ ՔՊ նախաձեռնող խմբի հունվարի 9-ի նիստն ավարտվել է թեժ վիճաբանությամբ։ Ըստ թերթի՝ վեճ էր տեղի ունեցել Սարգսյանի ու Ղալումյանի միջև: Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում «բուռն» քննարկում են ունեցել։ Ըստ ՔՊ-ի մամուլի ծառայության՝ նիստում քննարկվել էին անտառների կառավարմանը վերաբերվող հարցեր։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







