Իսպանիայի Կանարյան կղզիների իշխանությունները միգրանտների զանգվածային ներհոսքի պատճառով կենտրոնական կառավարությունից հրատապ միջոցներ են պահանջել, հայտնում է Euronews-ը։
Կանարյան կղզիների ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համաձայնել է երեքշաբթի արտակարգ նիստ հրավիրել Միգրացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովում՝ քննարկելու Էլ Իերո կղզում ստեղծված իրավիճակը։
Կլավիխոյի խոսքով՝ ինքը վարչապետին ներկայացրել է կղզում իրավիճակի լրջությունը և տեղի բնակիչների շրջանում աճող դժգոհությունը։
Էլ Իերոյի կղզային խորհուրդը սոցիալական արտակարգ դրություն է հայտարարել՝ վերջին հինգ շաբաթվա ընթացքում ավելի քան 8000 միգրանտի ժամանման հետևանքով։
Կանարյան կղզիների տարածաշրջանային կառավարության տվյալներով՝ նոյեմբերի 1-6-ը կղզիներ է հասել միգրանտներ տեղափոխող 49 նավակ՝ ընդհանուր 4587 մարդով։
Կղզախումբը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափերի մոտ, և Արևմտյան Աֆրիկայից Եվրոպա հասնելու հիմնական ծովային միգրացիոն ուղիներից մեկն են։ Էլ Իերո կղզում ապրում է մոտ 11 400 մարդ։ Միգրանտների վերջին ներհոսքի հետևանքով ծանրաբեռնվել են կղզու առողջապահական, տրանսպորտային և ընդունման ծառայությունները։ Կանարյան կղզիների կառավարությունը նոյեմբերի 6-ին Եվրամիությունից հրատապ աջակցություն էր խնդրել՝ առաջարկելով ավելացնել ընդունման համակարգի ֆինանսավորումը և ուժեղացնել համագործակցությունը Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







