Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում ՝ Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի շուրջ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մենք այլ պետությունների ներքին գործերին միջամտելու սովորություն չունենք։ Անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի մեր բարեկամ և եղբայրական Հայաստանում պահպանվի կայունությունը, ապահովվի օրինականությունը, ընթանա կայուն զարգացում: Դրա համար անհրաժեշտ է գործնականում իրականացնել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, հարգանքը հավատացյալների զգացմունքների և կրոնական ազատության սկզբունքների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։
Նույն օրն ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։
ՔԿ-ում քնչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրանարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել է, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։






































