ՔԿ-ում քնչական գործողություններ իրականացնելու ընթացքում, գտնվելով ՔԿ շենքում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել է իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։
Գրավոր հայտարարությունը տարածել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը նաև հայտնել է, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»,- գրել է Աջապահյանը:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։
Հունիսի 27-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր իմփիչմենթի շրջանակում վարչապետի թեկնածությունից՝ հօգուտ Աջապահյանի։ Նրա խոսքով՝ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարելու մեղադրանքով (Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։


























